Դոնալդ Տուսկը միակ թեկնածուն է, որին Լեհաստանի խորհրդարանը՝ սեյմը, կդիտարկի վարչապետի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Շիմոն Հոլովնիան։
Րոպեներ առաջ Լեհաստանի սեյմն անվստահություն հայտնեց Մատեուշ Մորավիեցկու կառավարությանը։ Վարչապետի նոր թեկնածուի քվեարկության ժամանակացույցը սեյմը կներկայացնի նախագահին:
Աշնանային խորհրդարանական ընտրություններից հետո Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, որը մինչև վերջերս կառավարում էր Լեհաստանը, չկարողացավ ստանալ խորհրդարանի մանդատների կեսը։ Իրենց հերթին, տարբեր ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացան պատգամավորական մանդատների ավելի քան 50%-ը և կարողացան կնքել կոալիցիոն համաձայնագիր՝ հանդես գալով որպես միասնական ճակատ։