Այսօր Երեւանում տեղի ունեցած Փաշինյան-Լավրով հանդիպումը կարելի է բնորոշել որպես սառը պրագմատիկ, որքան էլ որ փորձ արվի հայաստանյան իշխանությունների կողմից ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների դրական դինամիկ ու «պրոբլեմ չկա ախպերություն է» բնույթը։
Նախ ուշագրավ էր այն, որ ողջույնի իր խոսքում Փաշինյանը այլեւս չօգտագործեց գործընկերներ բառը, խոսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, այլ օգտագործեց ռազմավարա-դաշնակցային տերմինը, ինչը որոշակիորեն, հատկապես վերջին շրջանում նրա ու նրա թիմի կողմից Մոսկվայի հանդեպ արված ռեւերանսների ֆոնին լիովին ընկալվում է․ բազմիցս ենք նշել՝ «Խաղաղության ակունքը» շատ բան «ակունքից» գուցե փոխել է նաեւ Փաշինյանի պատկերացումներում։ Լավրովը, ի դեպ, իր խոսքում օգտագործեց «ռազմավարա-դաշնակցային գործընկերություն» տերմինը։
Չափազանց ուշագրավ էր այն, որ երբ Լավրովը հայտարարեց, որ Պուտինի հետ Փաշինյանը հանդիպել է չորս անգամ, այդքան էլ ամենայն հավանականությամբ վարչապետ Մեդվեդեւի հետ, Փաշինյանն ուղղում է կատարում, ինչին Լավրովը արձագանքում է, որ արդեն կարելի է նաեւ խառնել հաշիվը, ակնարկելով, հանդիպումների հաճախակիությունը։
Լավրովի խոսքը կարելի է համարել սովորական արարողակարգային, քանի որ բավական արագ կերպով թվարկելով նա անցավ հիմնական հարցերի վրայով, նշելով տեղի ունեցած համատեղ միջոցառումներն ու տեղի ունենալիք միջոցառումները, շեշտելով Բիշքեկում սպասվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը, ինչը այս դեպքում Հայաստանի համար շարունակում է մնալ «Աքիլեսյան գարշապար» քանի որ սկսած Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակից հետո արդեն իրավականորեն Հայաստանը ավարտելու է նախագահությունը ՀԱՊԿ-ում, բավական թերի արդյունքներով։
Հետաքրքիր է, որ Լավրովը որեւէ բան չասաց Ղարաբաղյան կարգավորման հետ կապված ունենալիք մտքերի փոխանակության կամ քննարկումների մասին, մինչդեռ «Մեքսիամաքսին» տված հարցազրույցում բավական լավ ներկայացրել էր խնդրի կարգավորման հետ կապված գործընթացները։ Հնարավոր է, որ սա Լավրովի համար, ի դեպ առաջին հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ավելի ճանաչողական հանդիպում էր, որով փորձում է իր՝ երկարամյա փորձառու դիվանագետի պրիզմայով հասկանալ, թե «ինչ խմորից է հունված» ՀՀ վարչապետը ու արդյոք ինչ կարելի է սպասել նրանից։



