Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) պետք է դադարեցնի նավերի անցումը Բալթիկ ծովով, եթե ապացուցվի Ռուսաստանի մասնակցությունը Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև Balticconnector գազատարի պայթեցմանը։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը` նշելով, որ նման քայլից առաջ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։
«Իհարկե, սա մի հարց է, որը շոշափում է մի շարք միջազգային նորմեր ծովային իրավունքի ոլորտում, բայց եթե ապացուցվի Ռուսաստանի ներգրավվածությունը, ապա անհրաժեշտ կլինի ՆԱՏՕ-ի հետ քննարկել մեր ենթակառուցվածքների պաշտպանության հնարավորությունը։ Անհրաժեշտ կլինի բանակցել այն հարցի շուրջ, թե ինչպես կարող ենք արգելափակել Բալթիկ ծովը», - ասել է Լատվիայի նախագահը՝ հավելելով, որ սեղանին պետք է ունենալ մի շարք ճշգրիտ փաստեր:
Լատվիայի ղեկավարի խոսքով՝ թեև ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռ չեն քննարկել նման միջոցները, սակայն դաշնակիցները պայմանավորվել են պարեկություն իրականացնել Բալթիկ ծովում։