Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վա...

Shamshyan.com-ին դիմած ավտոբուսի վարորդը, ով աշխատանքը չկորցնելու մտավախությամբ նախընտրել է մնալ անանուն, ներկայացրել է համակարգի ներսում տիրող աղետալի իրավիճակը և հայտնել վարորդների տեսակետը. հաճախակի դարձած վթարների պատճառն իրենց ծանրաբեռնվածությունն է։

Ըստ վարորդի՝ իրենց սկսել են պարզապես շահագործել՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր նորմերը։ Շաբաթական 40 ժամվա փոխարեն վարորդներն աշխատում են օր ու մեջ, սակայն այդ մեկ աշխատանքային օրը տևում է սարսափելի երկար՝ 18-ից 20 ժամ։ Առավոտյան ժամը 5-ից սկսվող հերթափոխն ավարտվում է միայն գիշերվա ժամը 1-ին, ինչի հետևանքով վարորդները, հատկապես տարիքով տղամարդիկ, մշտապես գերհոգնած են և երբեմն պարզապես քնում են ղեկին։

Սա է այն հիմնական պատճառը, որը հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների, սակայն համակարգում տիրող փակուղային վիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել խնդրի մասին։