Կուրիլյան կղզիների հարցը մնում է Ճապոնիա–Ռուս...

Ճապոնիայի նոր կառավարությունը՝ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ, այսուհետ էլ նպատակ ունի լուծել հարավային Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը և հաշտության  պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ դիրքորոշումն է հայտնել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Տոսիմիցու Մոտեգին նշանակումից հետո իր առաջին մամուլի ասուլիսում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Լուծել չորս հյուսիսային կղզիների (խմբ.՝ Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը) պատկանելության հարցը և կնքել հաշտության պայմանագիր. մենք կշարունակենք հետևել այս դիրքորոշմանը», - ասել է նա: 

Միևնույն ժամանակ նախարարը խոստովանել է, որ «Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցություններում որևէ առաջընթացի հնարավորության մասին խոսել այժմ հնարավոր չէ»:

Մոտեգին ընդգծել է, որ կառավարության համար առաջնային նշանակություն ունի հարավային Կուրիլյան կղզիներ ճապոնացի նախկին բնակիչների ուղևորությունների վերականգման հարցը՝ իրենց հարազատների գերեզմաններ այցելելու համար:

«Դա առաջնահերթ հարց է և կարևորագույն մարդասիրական խնդիր», - հայտարարել է նա՝ նշելով, որ Ճապոնիայի կառավարությունն ակտիվորեն կձգտի հասնել Ռուսաստանի կողմից այդ ուղևորությունների վերակագնմանը։

Մոսկվան և Տոկիոն 20-րդ դարի կեսերից վարել են խորհրդակցություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության պայմանագրի շուրջ։ Դրան տանող ճանապարհին հիմնական խոչընդոտը մնում են Կուրիլյան կղզիների հարավային մասի նկատմամբ իրավունքների հարցում տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբը միացվել է ԽՍՀՄ-ին, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք մանր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը: