Դադարը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում երկարաձգվել է ոչ թե Ռուսաստանի մեղքով, այլ Կիևի դիրքորոշման պատճառով. Եվրոպան է հրահրում շարունակել մարտական գործողությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ պատրաստ է ամբողջ գործընթացը քաղաքական ու դիվանագիտական հուն տեղափոխել։ Այժմ դրա հետ են կապված խնդիրները, և խնդիրները մեր մեղքով չեն։ Խնդիրներն այն պատճառով են, որ եվրոպացիներն ամեն օրը կիևյան ռեժիմին հրահրում են շարունակել պատերազմը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե ինքը հիասթափված է Վլադիմիր Պուտինից, որը, նրա խոսքով, չի ցանկանում վերջ դնել մարտական գործողություններին։
«Այստեղ, իհարկե, մենք շնորհակալ ենք ամերիկյան կողմին, որը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև մեկնաբանել է Թրամփի այն դիտարկումը, որ ռազմական գործողությունների շարունակումը սպառնում է Ռուսաստանի տնտեսության փլուզմամբ։
«Այն (ՌԴ-ի տնտեսությունը) ունի բավարար չափով և բավականին մեծ ամրություն, որպեսզի երկրի ղեկավարությանը ու մեզ բոլորիս հնարավորություն տա իրականացնելու այն պլանները, որոնք մենք մեր առջև դնում ենք», - ասել է Պեսկովը։



