
Հարավային Կովկասում ռազմավարական վակուում է ձևավորվում։ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է. նրա հեղինակությունը նվազում է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար հեռանում են Մոսկվայից, Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) համար գրում է Էլենե Կինցուրաշվիլին։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ «միաժամանակ Վրաստանը Ռուսաստանի հիբրիդային ազդեցության ներքո դեպի ավտորիտարիզմ է շարժվում»։
«Արևմուտքը տարածաշրջանի անվտանգության վրա ազդելու եզակի հնարավորություն ունի, բայց վակուումը միաժամանակ գրավում է Մոսկվայի, Չինաստանի և Իրանի հետաքրքրությունը։ Եվրոպայի այսօրվա որոշումները կպարզեն՝ արդյոք տարածաշրջանը կդառնա կայունության գոտի՞, թե՞ ազդեցության համար պայքարի նոր մարտադաշտ»,- գրում է Կինցուրաշվիլին։
Ըստ նրա՝ Հայաստանի երկարատև կախվածությունը Ռուսաստանից լրջորեն թուլացել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որը ցույց տվեց անվտանգության երաշխավոր Մոսկվայի անհուսալիությունը:
«Ռուս խաղաղապահները չկարողացան կանխել Ադրբեջանի առաջխաղացումը, ինչը խաթարեց վստահությունը Մոսկվայի նկատմամբ: Ի պատասխան՝ Երևանը կասեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բոյկոտեց համատեղ զորավարժությունները և ռազմական պատրաստության համար սկսեց արևմտյան գործընկերներ փնտրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձգտում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության աղբյուրները՝ զարգացնելով համագործակցությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ: Ընթացքի մեջ են ԵՄ-ի հետ ինտեգրմանն ուղղված իրավական բարեփոխումները, և իրականացվում է EU-Armenia Resilience and Growth Plan ծրագիրը: Այս միջոցառումները ցույց են տալիս Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և իր ազգային ինքնիշխանությունն ամրապնդելու Հայաստանի մտադրությունը»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը ևս հեռանում է Մոսկվայից, հատկապես մի շարք միջադեպերից, մասնավորապես՝ Ղազախստանում չվերթին առնչվող ողբերգությունը և Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները: Միևնույն ժամանակ, Բաքուն պահպանում է ռազմավարական ինքնավարությունը էներգետիկ ռեսուրսների և Թուրքիայի ու Իսրայելի հետ համագործակցության շնորհիվ։
Վրաստանը դժվարին վիճակում է. երկիրը տնտեսապես նվազ կախված է, բայց ներքին մարտահրավերները և Ռուսաստանի ազդեցության աճը սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարական ինստիտուտների համար։
Ռուսաստանի ավանդական ազդեցության լծակների թուլացումը հնարավորությունների պատուհան է ստեղծում այլ արտաքին խաղացողների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար։ Եվրոպան և Միացյալ Նահանգները հնարավորություն ունեն աջակցելու Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին՝ կանխելով հակաժողովրդավարական գործիչների ամրապնդումը և նպաստելով տարածաշրջանային կայունությանը, կարծում է Կինցուրաշվիլին։