Կովկասում մեծ գործարք է հասունանու՞մ․ Զարիֆը...

Նոյեմբերի 23-ին Մոսկվա է ժամանելու Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Օրակարգը բավական հագեցած է՝ Սիրիա, Աֆղանստան, Մերձավոր Արեւելք, եւ իհարկե Լեռնային Ղարաբաղ։ Հատկապես վերջին հարցը կարծես թե ամենից կարեւորն է հիմա ռեգիոնալ քաղաքականության խաղատախտակին։ Իրանը Ղարաբաղյան խնդրի ներկա ձեւավորված իրադրության մասով բավական ասելիքներ, կարծես թե ունի։ Իրանական մամուլում արդեն իսկ բավական հրապարակումներ եղան, կապված այն բանի հետ, թե այժմյան իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության, ինչ վտանգներով է հղի Թեհրանի համար՝ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե նաեւ՝ անվտանգային հարցերում։ Հասկանալի է, որ Թեհրանը չի կարող հենց այնպես դիտորդի դերում մնալ եւ ծափահարել Ղարաբաղյան ներկա կամպանիայի աշխարհաքաղաքական դափնիները իրեն վերցնել փորձող Մոսկվային։ Պարզ ասած՝ Թեհրանն էլ իր բաժինն է ուզում ընդհանուր կերակրատաշտից։ Թե ինչ՝ դժվար է ասել։ Սակայն Թեհրանի համար կարեւոր է եւ Հայաստանի հետ սահմանի անձեռնմխելիությունը, որը նրա համար «պատուհան» է արդեն տասնամյակներ շարունակ, թե այն, որ Արեւմուտքը հանկարծ չկարողանա ամրանալ իր սահմանների անմիջական հարեւանությամբ, թե նաեւ այն, որ չպետք է թույլ տալ, որպեսզի կրկին իր սահմանների անմիջական հարեւանությամբ ամրանան նաեւ Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված գրոհայինները, որոնք Ղարաբաղյան պատերազմում հանդես էին գալիս Ադրբեջանի կողմից։ Ներկա միտումները հաշվի առնելով, կարելի է եզրակացնել, որ աստիճանաբար հասունանում է Կովկասյան մեծ գործարք հիմնական ուժային կենտրոնների եւ ռեգիոնալ խաղացողների միջեւ։