Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են Freedom Shield լայնամասշտաբ զինավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 19-ը։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
2026 թվականին դաշտային մանևրների թիվը կրճատվել է ավելի քան երկու անգամ, եթե 2025 թվականին անցկացվել է 51 միջոցառում, ապա այս տարի նախատեսվում է 22-ը։ Հարավկորեական իշխանությունները նախըտրում են զորավարժությունները տարվա ընթացքում բաշխել ավելի համաչափ՝ Կորեական թերակղզում լարվածություն չստեղծելու նպատակով: Հյուսիսային Կորեայի իշխանություններն ամերիկա-հարավկորեական զինավարժությունները համարում են պատերազմի փորձ։ Ի տարբերություն իր նախորդի՝ Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնի վարչակազմը ձգտում է երկխոսություն հաստատել Փհենյանի հետ։
Զորավարժություններին մասնակցում է շուրջ 18 հազար զինծառայող, ինչը համադրելի է 2025 թվականի ցուցանիշի հետ: Վարժանքների առանցքում «իրատեսական սցենարներ են, որոնք արտացոլում են ժամանակակից պատերազմի տարբեր կողմերը»: Մանևրների ընթացքում նաև գնահատվելու է, թե արդյոք իրավիճակը համապատասխանո՞ւմ է այն պայմաններին, որոնց դեպքում ԱՄՆ-ն պատերազմական ժամանակաշրջանում սեփական զինված ուժերի օպերատիվ կառավարման իրավունքը կփոխանցի Կորեայի Հանրապետությանը: Կորեայի Հանրապետության վարչակազմն ակնկալում է վերադարձնել այդ իրավունքը մինչև 2030 թվականը՝ նախագահ Լի Չժե Մյոնի լիազորությունների ժամկետի ավարտը։



