Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ճապոնիայի զին...

Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը եռակողմ «Freedom Edge» զորավարժություններ են սկսել, որոնք կանցկացվեն Հարավային Կորեայի Չեջու կղզուց հարավ-արևելք գտնվող միջազգային ջրերում սեպտեմբերի 15-19-ը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։

«Freedom Edge»-ը եզակի է նրանով, որ զինվորականները կիրառում են իրենց հմտությունները մի քանի ոլորտներում՝ ծովում, օդում, կիբեռտարածությունում: Նրանք կանցկացնեն հրթիռային պաշտպանության և օդային պաշտպանության վարժանքներ, որոնք կներառեն բժշկական տարհանում և ծովային հետախուզություն: Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ վարժանքները նախատեսված են որպես «պատասխան Հյուսիսային Կորեայից եկող միջուկային և հրթիռային սպառնալիքին» և որ դրանք կնպաստեն տարածաշրջային խաղաղությանն ու կայունությանը:

Երեք երկրների զինված ուժերը, այս զորավարժությունների միջոցով, նաև մտադիր են բարձրացնել համակարգվածությունը և ցույց տալ «խաղաղության կոլեկտիվ ապահովման նվիրվածությունը»։ «Freedom Edge» զորավարժությունները կլինեն իրենց տեսակի մեջ երրորդը, նախորդները անցկացվել են 2024 թվականի հունիսին և նոյեմբերին։ Դրանք կլինեն առաջին եռակողմ զորավարժությունները՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի (որն իշխանության եկավ 2025 թվականի հունիսի սկզբին) և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության օրոք։ Ի տարբերություն իր նախորդի՝ Լի Չժե Մյոնը կողմ է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությանը։

Միաժամանակ, սեպտեմբերի 15-19-ը, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերը կանցկացնեն երկկողմ հրամանատարաշտաբային «Iron Mace» զորավարժությունները։ Զորավարժությունների սցենարը նախատեսում է ԱՄՆ-ի միջուկային ներուժի ինտեգրումը Հարավային Կորեայի սովորական սպառազինության հնարավորությունների հետ։ Այս զորավարժություններում նաև մշակվում է Հյուսիսային Կորեայի կողմից եկող «միջուկային սպառնալիքի զսպումը»։