
Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանքի պատասխան քայլերից մեկը լինելու է նաև իմ գործադուլը՝ անորոշ ժամկետով։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Լիովին գիտակցում եմ, որ այս որոշումը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել իմ վստահորդներին, և հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Սակայն Կոչուբաևի հետ տեղի ունեցածն արշավ է ոչ միայն փաստաբանական համայնքի, այլև ձեր բոլորի նկատմամբ։
Կրկնում եմ՝ իշխանությունը փաստացի արժեզրկել է փաստաբանի դերը։ Ուստի ավելի լավ է պայքարել և դիմանալ այս փորձությանը, քան թույլ տալ անդառնալի հետևանքներ։
Հետգրառում։ Այսօր 4 դատական նիստերին մասնակցելուց արդեն հրաժարվել եմ։ Շնորհակալ եմ բոլոր այն դատավորներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս հարցին»:
Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ևս հայտարարել էր անժամկետ գործադուլ:
Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։
Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:
«Կոչուբաեւի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաեւը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,– ասել է իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք նաև, որ Ալեքսանդր Կոչուբաևը Ռոբերտ Քոչարյանի և Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով անցնող փաստաբաններից է։