Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են անցկացնում մի խումբ բժիշկներ, որոնք պահանջում են Արցախից դուրս բերել վիրավորներին, կամ իրենց տանեն Արցախ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։
Ակցիայի կազմակերպիչներից Արեգա Հովսեփյանը հայտարարեց, որ ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են Հայաստանի Հանրապետության բժշկական համայնքի ներկայացուցիչները, որոնք պահանջում են ընդունել իրենց և լսել իրենց պահանջները։
«Նրանք եկել են հստակ պահանջով. այն է, որ այսօր Արցախում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխեն Հայաստան: Նաև կան այնպիսի բուժաշխատողներ, որոնք կամովին ցանկություն ունեն գնալ Արցախ։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն, մի՛ մոռացեք, թե որն է ձեր առաքելությունը։ Մի շփոթեք չեզոքությունը անտարբերության և անգործության հետ»,- կոչ արեց Հովսեփյանը։
Ակցիայի մասնակից, մանկական օրթոպեդ Վահե Յավրյանն ընդգծեց՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղիղ պարտականությունն է հասանելի դարձնել մարդկանց համար բժշկությունը։
«Որպես բժշկական համայնքի ներկայացուցիչներ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից պահանջում ենք Արցախի Հանրապետությունում գտնվող բոլոր վիրավորներին և հիվանդներին անհապաղ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, քանի որ բոլորս հասկանում ենք, որ ներկա պայմաններում մարդկանց բուժօգնությունը կազմակերպելը Արցախի Հանրապետությունում անհնար է, իսկ առողջությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Մեր երկրորդ պահանջն է հնարավորություն ստեղծել բոլոր այն բժիշկներին, ովքեր կցանկանան մեկնել Արցախի Հանրապետություն տեղում օգնել»,- ասաց Յավրյանը։
Մանկական օրթոպեդի խոսքով՝ ինքը պատրաստ է մեկնել Արցախ, բայց ներկայումս բժշկական պարագաների հագեցվածության առումով, և դեղորայքի առկայության առումով այնտեղ իրավիճակը ծանր է։
«Արդեն 9 ամսից ավելի է՝ Արցախը շրջափակման մեջ է, այս ամբողջ ամիսների ընթացքում մեր կապը մեր գործընկերների հետ միշտ եղել է: Տեղյակ ենք, որ ներկայումս բժշկական պարագաների հագեցվածության առումով, և դեղորայքի առկայության առումով իրավիճակը ծանր է։ Արցախի Հանրապետությունը մի այնպիսի վիճակում է, որ բժիշկների ներկայությունը տեղում շատ մեծ օգուտ չի տա առանց դեղորայքի և բժշկական պարագաների»,- ասաց Յավրյանը։
Ակցիայի ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչները բժիշկների մի խմբի ընդունեցին: Գրասենյակում այս պահին քննարկվում են ներկայացված պահանջները։