Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ակնկալում ենք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան՝ այսուհետ ևս ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները գերիների ու պահվող այլ անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքներում: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Փետրվարի 3-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը և Մարինա Ղազարյանը:
Նշվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Բաքվում պահվող մեր հայրենակիցներին: «Իմ կարծիքով ձեր կազմակերպությունը, լինելով չեզոք և անկախ միջնորդ, պահպանելով նաև գաղտնիությունը, Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ու տեղեկատվության փոխանակման կարիք ունի»,- նման կարծիք է հայտնել Ռուստամ Բաքոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելություններին, մեր հայրենակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատավարություններին ու մարդասիրական բնույթի այլ խնդիրներին վերաբերող հարցեր: