![Կկարգավորվի ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործ...](/imgs/posts/medium/2025/02/330f46a.jpeg)
Հայաստանի կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին համաձայնագրի վավերացման առաջարկին։
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում և նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր Հայաստանի քաղաքացիների աշխատանքային գործունեության կարգավորման համար Կատարի տարածքում։
Համաձայնագրով Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների համար կսահմանվեն հստակ կանոնակարգեր, կպաշտպանվեն աշխատողների իրավունքները՝ ապահովելով օրինական աշխատանքային պայմանները, կարգավորվելու է միգրացիոն գործընթացը, կստեղծվեն իրավական մեխանիզմներ՝ աշխատանքային պայմանների վերահսկման համար, կխթանվի Հայաստան-Կատար երկկողմ համագործակցությունը աշխատաշուկայի ոլորտում։
Օրենքի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, որը ներառում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ համագործակցության ընդլայնման ուղղությունը։
Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացման արդյունքում կընդլայնվեն ՀՀ քաղաքացիների աշխատանքային հնարավորությունները Կատարում, կկանոնակարգվեն աշխատանքային իրավունքները, կվերահսկվեն աշխատանքի շուկայի միգրացիոն հոսքերը, կստեղծվեն Հայաստանից Կատար աշխատելու մեկնող քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմաններ։
Այս համաձայնագիրը նաև համահունչ է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նպատակներին՝ ապահովելով միգրացիոն համակարգի բարելավում և կարգավորում։