
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է տիկին Դիմիտրիուի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը։
Անիտա Դիմիտրիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար՝ վերահաստատելով Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր՝ ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմոլորտ փոխգործակցության ընդլայնումը։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ անդրադառնալով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող զարգացումներին և համագործակցության հնարավորություններին։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող զարգացումների վերաբերյալ, և այս համատեքստում ընդգծվել է խաղաղության հաստատման և կայունության պահպանման կարևորությունը Հարավային Կովկասում։