
Ուկրաինան մի քանի անգամ հետաձգել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը` ցանկություն հայտնելով համաձայնագիր ստորագրել ԱՄՆ նոր իշխանությունների հետ ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT):
Դրա տեղեկություններով՝ Վաշինգտոնն ու Կիևն անցյալ տարվա աշնանը մոտ էին համաձայնագիր կնքելուն, ըստ որի՝ Ուկրաինան պարտավորվելու էր տեղեկատվություն փոխանցել ԱՄՆ-ին հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր նախագծերի մասին՝ ամերիկյան ընկերություններին ավելի շատ ժամանակ տալով մրցույթներին մասնակցելու համար։ ԱՄՆ-ն, իր հերթին, ստանձնել է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պարտավորություններ։
2024 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Խոսե Ֆերնանդեսը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն պետք է համապատասխան հուշագիրը ստորագրեին Վաշինգտոնում, սակայն ուկրաինական կողմը հրաժարվեց մեկնել ամերիկյան մայրաքաղաք։ Համաձայնագրի ստորագրումը նոյեմբերի 13-ին հետաձգվեց Վարշավա, սակայն Սվիրիդենկոն կրկին չեկավ։ NYT-ի աղբյուրները հայտնել են, որ ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո ուկրաինացի դիվանագետներն իրենց ամերիկացի գործընկերներին ասել են, որ կցանկանային սպասել մինչև ապագա նախագահի երդմնակալությունը և համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնի նոր վարչակազմի հետ։