Կիևը և ԵՄ-ն ստորագրել են ֆինանսական համաձայնա...

Կիևը և ԵՄ-ն ստորագրել են ֆինանսական համաձայնագիր, որը կարգավորում է Ukraine Facility ծրագրի շրջանակներում 5,27 միլիարդ եվրոյի չափով դրամաշնորհի ստացումը հաջորդ չորս տարիների ընթացքում: Փաստաթուղթը ստորագրել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Կառավարությունը վերջնական տեսքի է բերել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համաձայնությունն Ukraine Facility-ի շրջանակներում.... Սա վերջին գործարքն է, որն անհրաժեշտ է, որպեսզի  լիովին գործի դրվի Ukraine Facility ծրագիրը», - ասվում է նախարարների կաբինետի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Կառավարությունում պարզաբանել են, որ Ukraine Facility ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում բյուջետային աջակցությունը, ներառյալ՝ վարկերն ու դրամաշնորհները, կկազմի 38,27 միլիարդ եվրո: 

Ըստ հաղորդագրության՝ 2024 թվականին Ուկրաինան ակնկալում է ստանալ 16 միլիարդ եվրո օժանդակություն, որից 3 միլիարդ եվրոն կստացվի դրամաշնորհների տեսքով: Միջոցների ստացումը սպասվում է եռամսյակը մեկ՝ ԵՄ պայմանների կատարման պայմանով:

Փետրվարի 1-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները հավանություն էին տվել 2024-2027 թվականներին Կիևին 50 միլիարդ եվրոյի հատկացմանը՝ Ukraine Facility հատուկ հիմնադրամի շրջանակներում: ԵՄ-ն ամեն տարի կկատարի  վճարումների հաստատում՝ Կիևի կողմից Բրյուսելի պահանջների կատարման մասին Եվրահանձնաժողովի զեկույցի հիման վրա։ Պահանջները ներառում են պայքարը կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների հարգումը և պաշտպանությունը: