Խուլիգանական պահվածք է եղել, ավտոբուսի ապակին...

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել հանրային տրանսպորտում խուլիգանական դեպքերին։

Քաղաքապետին զեկուցվել է, որ ուրբաթ օրը ուղևորը վթարային մուրճով հարվածել ու կոտրել է ավտոբուսի ապակին։

Տիգրան Ավինյանն արձագանքել է.

«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ՝ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է։ Ու եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ խուլիգանական նման պահվածքը չի կարող հանդուրժվել։

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարորդներին համբերատարության համար, նշել, որ հասկանալի է՝ վերջին օրերին հնարավոր է վարորդների նյարդերը տեղի տան։ Ավինյանը հորդորել է վարորդներին պահպանել հանգստություն,  չտրվել սադրանքներին։

Քաղաքապետը նաև նշել է, որ վարորդների բարձրացրած հարցերն ու խնդիրներն էլ լուծելով առաջ են գնում։ Մասնավորապես, նշվել է, որ պայմանավորվածության համաձայն, հանրային տրանսպորտի վարորդների աշխատավարձերը վճարվում են արտաժամյա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 7-ին Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել էր ավտոբուսի կողային ապակին։

Արարքը թույլ տրված քաղաքացին ձերբակալվել է: