Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի գործողությունները։
Հրապարակված նամակում ասվում է․
«Խոր ցավով և մտահոգությամբ տեղեկացանք երեկ՝ Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 106-ամյակի հիշատակության օրը, Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի ու խիստ դատապարտելի իրողության մասին:
Սարդարապատի հերոսամարտին, հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերին, զինվորների, հրամանատարների, գյուղացիների, շինականների և մտավորականների կողքին մեկ ձեռքով խաչ, մյուս ձեռքով զենք բռնած՝ մարտնչել են նաև հոգևորականները: Բախտորոշ այդ օրերին զինվորական ղեկավարությունը պահանջում էր Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ Սուրենյանց կաթողիկոսին փոխադրել ավելի ապահով վայր, իսկ Արամ Մանուկյանն առաջարկում էր ապահովության համար թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու պատսպարել Սևանում: Նրանք ամեն կերպ ջանում էին ապահովել Հայոց Հայրապետի անվտանգությունը, պաշտպանել թշնամու հնարավոր հարձակումից:
Այսօր՝ 106 տարի անց, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ոչ միայն չի ապահովել Ամենայն Հայոց Հայրապետի անվտանգությունը, այլև տարապայման, քստմնելի վերաբերմունքի դրսևորմամբ, քանի անգամ պատնեշ կազմելով, քաշկռտելով՝ փորձ է արել կանգնեցնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի և նրան ուղեկցող հոգևորականության մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր:
Խստագույնս դատապարտում ենք ՀՀ ոստիկանության ամոթալի ու անպատվաբեր վարմունքը՝ Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ: Լիահույս ենք, որ ՀՀ Ոստիկանությունը կվերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ՝ բացառելով նմանօրինակ միջադեպերի կրկնությունը:
Մեր զորակցությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրյալի օգնականությունը և մաղթելով «երկար օրեր Հայոց Հոր»:
Հայոց եկեղեցին մշտապես եղել է ու պիտի մնա հայի գոյության, հայ մշակույթի պահպանման, հայոց պետականության շենացման առհավատչյան, ուստի՝ «Ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ոչ որևէ այլ դառը հարված…» չի կարող խարխլել Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը»։