Հեռացող ԱԺ-ն երեկ ընդունեց պատգամավորներին հասանելիք այսպես ասած լրավճարները 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու մասին օրենքը։ Հիշեցնենք, խոսքը ոչ աշխատավարձի, եւ ոչ էլ պարգեւավճարի մասին է, այլ լրավճարի կամ այսպես ասած՝ ներկայացուցչական ծախսերի։ Զարմանալիորեն հասարակությունը հանգիստ ընդունեց այդ լուրը։ Ու թերեւս դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր, ԱԺ իշխանական ֆրակցիայի պատգամավոր Վահե Ղալումյանը «Հրապարակի» հետ զրույցում շատ բնական է համարում այդ լրավճարների ավելացումը, նկատելով, որ 50 հազար հավելավճարը կամ ներկայացուցչական ծախսը քիչ է, քանի որ օրական գալիս է 1700 դրամ մոտ, իսկ այ, որ 500 հազար դրամ աշխատավարձի, պարգեւավճարի հետ մի հատ էլ 250 հազար դրամ լրավճար ստանան «լազաթ կտա»։ Ու ամենից սարսափելին Ղալումյանի ցինիզմն է, որով նա ասում է, որ իրենց իշխանությունը թոշակների բազային գումարը 15 հազարից դարձրել է 25 հազար։ Խիստ համեմատելի են թոշակառուի 25 հազար բազային թոշակն ու պատգամավորների 250 հազար լրավճարը։ Սա այլ բան չէ, քան խրախճանք ժանտախտի ժամանակ։ Սա նաեւ ցույց է տալիս գործող իշխանության իրական դեմքն ու դավանած բարոյական արժեքային համակարգը, եթե այդպիսին առհասարակ կա։



