Շատ բուռն իրադարձություններ են տեղի ունենում, ընդ որում, և ամբողջ աշխարհում, և Հայաստանում, և գնալով պրոցեսները ավելի արագանում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Եթե մենք խոսում ենք Հայաստանի տեսակետից, ի՞նչ տեղի ունեցավ 2024-ին: Դրա համար հիշենք ինչով ավարտվեց 2023 թվականը։ Ավարտվեց նրանով, որ վերջնականապես զոհաբերվեց Արցախը, ես ուրիշ բառ չեմ էլ գտնում, որովհետև Փաշինյանի քաղաքականությունը, ըստ էության, ուղղված էր դրան և նրանք համարյա չեն էլ թաքցնում դա։
Բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ եղան՝ պիտի իջեցնենք նշաձողը, պետք է գնանք զիջումների, ընդունենք տարածքային ամբողջականությունը և այլն: Իսկ 23-ին անգամ ՔՊ-ն հայտարարեց, որ իրական անկախությունը Հայաստանը ձեռք բերեց 2023 թվականին: Դրանով ուզում էին ասեին, որ մենք, ըստ էության, պետական իմաստություն ցուցաբերելով և որևէ գործողություն չանելով Արցախի պաշտպանության ուղղությամբ, ամբողջությամբ թողնելով Ադրբեջանին անել այն, ինչոր Ադրբեջանը շատ երկար տարիներ պլանավորում էր անել, մենք շահեցինք անկախությունը:
Այստեղ պարզ ձևակերպում է, որ Արցախը զոհաբերեցինք, ստացանք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը և պաշտպանվածությունը: Բայց այստեղ հենց սկսվում է 2024 թվականը և մենք հասկանում ենք, որ այդ բոլոր խոստումները իրավակում խաբեբայրություն էին, որովհետև ոչ մի անվտանգություն և ոչ մի պաշտպանվածություն մենք չստացանք»,- հայտարարեց Զուրաբյանը:
Նա հիշեցրեց, որ 2023-ի դեկտեմբերի 7-ին ստորագրվեց մի գործարք Հայաստանի և Ադրբեջանի միջև, որտեղ Ադրբեջանը վերադարձնում էր մեր գերիների մի մասին, իսկ Հայաստանը համաձայնվեց, Ադրբեջանում անցկացվի COP29-ը։ «Այդ ժամանակ թմկահարվում էր, որ դա մեզ խաղաղություն կբերի, իսկ իրականում 2024-ին մենք ստացանք սողացող պատերազմի տարի:
Բոլոր խոստումները, փայլուն հեռանկարները, որոնք մեր առջև նկարագրվում էր, բոլորը տապալվեցին ու 2024 թվականը կարող եմ բնութագրել որպես Փաշինյանի խոստացված հեռանկարների տապալման տարի։ Տապալվել են ու այս մարդը պատախան չունի։ Վե՞րջը։ Զիջեցինք ու գնում ենք անընդհատ այդ ուղղությամբ, ինչ որ բան ստացե՞լ ենք, թե՞ ոչ։ Այս ամենը հիմա ավելի է սաստկանում, քանի որ գլոբալ էսկալյացիան ազգում է մեր կյանքի, անվտանգության վրա»,- ասաց Լևոն Զուրաբյանը։



