Խցանումները նվազեցնելու ուղղությամբ նախատեսվո...

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է  երթևեկության խցանումների հարցին և հետաքրքրվել դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքներից:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն արդեն երկու աշխատանքային հանդիպում է անցկացրել: Ըստ փոխվարչապետի՝ արձանագրվել են հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ, որոշվել է երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ անելիքների պլանը: Քննարկումները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ  շարունակվում են: «Բոլոր մեծ քաղաքներում այս խնդիրը առկա է՝ կապված մարդկանց եկամուտների ավելացման, տրանսպորտային սեփական միջոցներ ունենալու հարցերի հետ: Եվ շատ քաղաքներ հավասարակշռությունը գտնում են այնտեղ, երբ մի կողմից այդ մեքենաների ավելացումը հասնում է մի կետի, որ մարդիկ արդեն հասկանում են, որ դա ամենահարմար եղանակը չէ սեփական տրասնպորտային միջոցներով ժամերով մնալ խցանումների մեջ: Բայց, մյուս կողմից, նաև փոխկապակցված հարցեր կան. դա առաջին հերթին Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացումն է: Այս բոլորը պետք է միաժամանակ տեղի ունենան, որ կարողանանք միջնաժամկետում կայուն արդյունք արձանագրել»,- նշել է փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  պետք է ունենալ  ինստիտուցիոնալ մեխանիզմներ, այդ թվում՝ արհեստական բանականության ներառմամբ:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կենտրոնը գտնվում է զարգացման կարևոր փուլում, նախատեսվում է ներդնել կառավարման միասնական համակարգ, այդ թվում՝ ժամանակակից ծրագրային ապահովման միջոցներով, որոնք պետք է ինքնակարգավորման տրամաբանությամբ, այսինքն՝ փոփոխական գործոնների ուժով վերադասավորեն երթևեկությունը։

Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մարդատար մեքենաների քանակը մեծ տեմպերով է ավելանում, իսկ լուծումները մի քանիսն են: Ըստ Տիգրան Ավինյանի՝ հարցը շարունակական լուծումների կարիք է ունենալու: «Առաջինը՝ երթևեկության կառավարումն է արհեստական բանականությամբ լուսացույցերի ներդրմամբ, որը կտևի մոտ 1,5 տարի: Երկրորդը՝  250 հատ 18 մետրանոց ավտոբուսների գնումն է,  որը հանրային տրանսպորտի ոլորտում  մեր վերջին կետն է, որը պետք է իրականացնենք, որով  հանրային տրանսպորտի ոլորտում, նվազագույնը վերգետնյա հանրային տրանսպորտի ոլորտում մեր ռազմավարությունը, կարելի է ասել, ամփոփվում է դրանով»,-ասել է Երևանի քաղաքապետը՝ հավելելով, որ երրորդը «Աջափնյակ» մետրոյի կառուցումն է. այն 22 տոկոսով կավելացնի մետրոյից օգտվողների թիվը: