Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-...

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ
հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում
իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով
10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ
կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:
Ոսումնասիրությամբ պարզվել է, որ 2 դեպքում առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի
է ունեցել գույքի առքուվաճառք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 1 դեպքում դատական ակտով
խնամարկյալը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել, որի
հանգամանքների պարզման նպատակով նախաձեռնվել է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման
գործընթաց: Իսկ մնացած 7 դեպքերում (որոնցից 2-ը՝ մահվան հիմքով) նոտարական գրասենյակներում
ժառանգական գույքի ընդունման շրջանակներում այլ անձանց տրվել են ժառանգության վկայագրեր և կատարվել են
անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումներ, որի արդյունքում շահառուները զրկվել են օրենքով
սահմանված ժառանգական գույքի ընդունման հնարավորությունից:
Վերը նշված 2 քրեական գործերի շրջանակներում, օրինակ, պարզվել է, որ ՏԻՄ պատասխանատու
պաշտոնատար անձինք անտեսել են այն հանգամանքը, որ անգործունակ ճանաչված 2 անձինք հանդիսացել են
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառու, խնամակալ են ճանաչել այլ անձանց և տվել են
գույքի օտարման համաձայնություն: Արդյունքում շահառուներին պատկանող գույքն անօրինական օտարվել է:
Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ անձանցից մեկը թեև 2016թ. ընդունվել է
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, սակայն մինչ օրս հաշվառված է ՀՀ Լոռու մարզի
Օձուն համայնքում և ընդգրկված է ընտրողների ռեգիստրում:
Ուսումնասիրությունը փաստում է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը,
հանդիսանալով անգործունակ ճանաչված և իրենց մոտ տեղափոխված, իրենց շահառու հանդիսացող անձանց
խնամակալը, տեղեկացված չի եղել վերջիններիս ժառանգության իրավունքի ծագման մասին և չի մասնակցել
ժառանգության բացմանը: Իսկ նոտարական գրասենյակները չունենալով անգործունակ ճանաչված անձանց ցանկին
հասանելիություն, այլ անձանց անուններով վավերացրել են գործարքներ և տվել ժառանգության իրավունքի
վկայագրեր: Արդյունքում տուն ինտերնատի շահառուները զրկվել են առնվազն հիշյալ գույքերի սեփականության,
ինչպես նաև ժառանգման իրավունքներից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու
ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն
ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու
պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման
մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու
պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության
վարչությունը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու տուն-իներնատի
շահառուների ժառանգության ընդունման պահանջներով հայց հարուցելու նպատակահարմարությանը հարցը:
Հաշվի առնելով, որ պարզվել է 2016թ.-ից տուն-ինտերնատի շահառու անձի՝ դեռևս Լոռու մարզի Օձուն
համայնքում հաշվառված լինելու հանգամանքը, առաջարկվել է պարզել նմանատիպ հնարավոր այլ դեպքերը և
լուծել վերջիններիս հաշվառման հասցեների փոփոխման հարցը՝ ըստ նրանց բուժման կամ խնամքի հաստատության
գտնվելու վայրի:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնամակալները
պարտավոր են պաշտպանել խնամարկյալների իրավունքներն ու շահերը: Հիմք ընդունելով դա՝ ՀՀ գլխավոր
դատախազության կողմից խնդիր է դրվել գործուն միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ
կատարելու ուղղությամբ՝ իրավասու մարմինների (այդ թվում՝ նոտարիատի ընդգրկմամբ) միջև խնդրո առարկայի
մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և այլ գործիքակազմերի ներդրման ու կիրառման միջոցով
անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի իրավունքների և օրինական շահերի հնարավոր
խախտումները բացառելու, և նրանց իրավունքներն (այդ թվում՝ գույքային) առավել արդյունավետ իրացնելու
նպատակով: