Կգնա արդյոք Նիկոլ Փաշինյանը կառավարման մոդելի...

Այն բանից հետո, երբ Հայաստանում թերեւս այս ամսվա վերջին իր աշխատանքները սկսի նոր խորհրդարանը, երկրի ներքաղաքական կյանքում կարեւորություն կստանա մի հարց, որը ինտրիգային է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ թերեւս 19 թվականից կամ 20-ի սկզբներից։ Խոսքը Հայաստանի կառավարման մոդելի փոփոխության եւ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հարցն է։ Նկատենք, որ եւ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում կարծես թե միայն Հայաստանն է, որն ունի խորհրդարանական կառավարման մոդել եւ երկու ինտեգրացիոն ռեգիոնալ միավորները կարելի է անվանել ոչ այլ կերպ, քան նախագահական կառավարման մոդել ունեցողների ակումբ։ Իհարկե, դեմոկրատական սկզբունքների եւ աժեքների տեսակետից, խորհրդարանական մոդելը ավելի առաջադեմ է, սակայն այն որպես կանոն հատուկ է զարգացած պետական համակարգ ունեցող երկրներին, մի բան, որ չի կարելի ասել Հայաստանի համար։ Ըստ էության կառավարման մոդելի փոփոխության մասով Փաշինյանն ունի երկու դիլեմմա, ամեն դեպքում երկրում էլիտային ազդեցության գոտիների, ռեսուրսների եւ լծակների բաժանումից ելնելով, ինչ որ կոմպրոմիսային կառուցակարգ ձեւավորել, անցնելով նախագահական կամ կիսանախագահական համակարգի, եւ այդ կերպ պահպանելով անձնական իշխանությունը, բայց եւ մյուս ուժերին ու կենտրոններին էլ էլիտային բաժին թողնել, եւ գնալ առճակատման, հասնել ինչ որ արդյունքների թեկուզ կապիտալի ու ռեսուրսների, կամ ազդեցությունների ու լծակների վերաբաշխման, ասենք օրինակ կոռուպցիայի դեմ պայքարի անվան ներքո, եւ մնալ խորհրդարանական կառավարման համակարգում, բայց խորացնել խնդիրները թե ներսում եւ թե դրսում, որովհետեւ հասկանալի է, նույնիսկ Փաշինյանն ինքն է հասկանում, որ հայաստանյան էլիտաները մաս են կազմում հետսովետական տարածքի էլիտաների, եւ այսպես ասած հետսովետական «դիփ սթեյթի» հետ ուղիղ առճակատման ելնելը անիմաստ է ու չի բխում իր շահերից ոչ մի իմաստով։ Այլ հարց, թե նա երբ է ծրագրում հասնել այդ փոփոխություններին, քաղաքական ինչպիսի առեւտրից, ինչ պայմանավորվածություններից հետո։ Ամեն դեպքում այս տարվա մարտի մեկին տեղի ունեցած հանրահավաքին նա այս մասին խոսել է, սակայն մարտից մինչեւ հիմա դեռ ոչ մի քայլ այս առումով չի կատարվել։