![ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դե...](/imgs/posts/medium/2025/02/74e739a.jpeg)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն ընդունել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդե Հովասափյանը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է դեսպանության և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել ջանքեր դրա շարունակականության ապահովման համար:
Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու վերապատրաստման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ակտիվ ներգրավվածության համար: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանն ակտիվ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Լոնդոնի կրթության ամենամյա համաշխարհային համաժողովին մասնակցության կարևորությունը՝ որպես հարթակ ոլորտում միջազգային փորձին ծանոթանալու և Հայաստանի փորձառությունը ներկայացնելու համատեքստում:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, համատեղ աշխատանքը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության մշակման ուղղությամբ՝ նշելով, որ Կառավարության կողմից հաստատված ռազմավարությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով:
Նշվում է, նաև, որ վկայակոչելով արդեն իսկ իրականացված նախաձեռնությունները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու նաև մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները՝ ընդգծելով, որ այս ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բրիտանական փորձի ուսումնասիրման և ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունն ու դրական առաջխաղացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին՝ արդյունավետ համագործակցության ընդլայնման համատեքստում: