Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր է ստորագրել, համաձայն որի Կիևը ձեռք կբերի մինչև 100 Rafale կործանիչներ և հակաօդային պաշտպանության նոր համակարգեր: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը:
Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ կործանիչները կտամակարարվեն իրենց համապատասխան զինամթերքի հետ: Բացի այդ, նոր համաձայնությունը թույլ կտա Կիևին ձեռք բերել նոր սերնդի SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք դեռ մշակվում են, ինչպես նաև ռադարային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:
Ֆրանսիայի նախագահի գրասենյակն ընդգծում է, որ մտադրությունների հուշագիրը, որը գնման և վաճառքի պայմանագիր չէ, նախատեսվում է իրականացնել մոտ տասը տարվա ընթացքում:
Մակրոնի հետ հանդիպումից առաջ Զելենսկին X սոցիալական հարթակում գրել էր, որ բանակցությունները կհանգեցնեն «պատմական համաձայնության»:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին Ուկրաինան Հունաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերել ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այդ մասին մտադրությունների հուշագիր էր ստորագրել Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ: Մատակարարումները կսկսվեն հունվարին: Զելենսկին կարևորել է այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ ռուսական հարձակումները:



