Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կուսումնասիրի տվյալ կազմակերպությունների ներկայացրած մրցութային ամբողջական փաթեթները, նրանց նախկինում կատարած աշխատանքներն ու ներկայացրած գնային առաջարկները:
Ներկայացված հայտերի վավերականության ժամկետը 120 օր է:
«Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրի համաձայն: Ծրագրի արժեքը մոտավորապես 21 միլիոն եվրո է, շինարարական աշխատանքները տևելու են 30 ամիս:
Սահմանային անցակետը լինելու է գերժամանակակից, անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով, 40000 քմ ավտոկայանատեղի, մուտքային և ելքային 5 հոսանքագիծ, ինչպես նաև հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն-սարքավորումներով:
Մեղրիի անցակետի արդիականացումը կարագացնի և կհեշտացնի սպասարկումը, ինչպես նաև կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին: