
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։
Ի մասնավորի՝ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
- սննդի կետը ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով,
- պատերը չեն պահվել նորոգ վիճակում,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանը, ինչպես նաև սառնարանների դարակաշարերը, գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
«Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
- սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով,
- հատակը չի գտնվել նորոգ վիճակում։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Հիշեցնենք. «Զավիկի ղարս»-ի Սարյան փողոցի վրա գործող մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է՝ արտադրանքում հայտնաբերված մանրեաբանական անհամապատասխանությունների հիմքով: