
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ․ Բյուրավան) հացի արտադրամասում։
Ստուգումների արդյունքում պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝
• արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը,
• արտադրական շինությունները ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, մասնիկները թափվելու հնարավորությունից, բորբոսի առաջացումից,
• արտադրամասի պատերի, հատակի, առաստաղների և պատուհանների մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
• արտադրական շինությունները չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
• արտադրական շինություններում պահվել են արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ,
• ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
• սահմանված չի եղել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
• աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։
Հաշվի առնելով վերը նշված խախտումները ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար: