Կարծում եմ՝ մինչև տարեվերջ նոր Սահմանադրությա...

Կարծում եմ՝ մինչև տարեվերջ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Եթե հիշում եք ընտրություններ էին մեր երկրում և աշխատանքները փոքր ինչ դանդաղեցին։ Հիմա քննարկումների  փուլում է տարբեր գերատեսչություններում։ Տեքստն ամբողջական է։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում տեքստը դեռ չի հաստատվել, շուտով կունենանք նիստեր՝ հնարավորություն ընձեռելով խորհրդի անդամներին ծանոթանալ»,–ասաց նա։

Հարցին՝ կա՞ն կետեր կամ դրույթներ, որոնց շուրջ անհամաձայնություններ կան, Գալյանը բացասական պատասխան տվեց. «չէի ասի, որ նման կետեր կան»։

Ինչ վերաբերում է սահմանադրության տեքստը ընդդիմադիր խորհրդարանական ուժերին տրամադրելու հնարավորությանը, նախարարն ասաց. «Առնվազն ընդդիմադիր խորհրդարանական ուժերը սահմանադրական բարեփոխումների խորհրդում մասնակցելու իրավական հնարավորություն ունեն և եթե իրենք ցանկանում են, կարող են գալ և մասնակցել խորհրդի նիստերին։ Մենք միշտ ցանկացել ենք պրոցեսին մասնակից դարձնել նաև մեր ընդդիմադիր գործընկերներին, բայց նրանք երբևէ այդ հնարավորությունից չեն օգտվել և չեն մասնակցել»։