Կարմիր խաչը ուղիղ հասանելիություն ունի ձերբակ...

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը հույս ունի, որ ապագայում կլուծվի Արցախյան պատերազմի հետևանքով գերեվարվածների ու պահվող այլ անձանց վերադարձի հարցերը։ Այս մասին ԿԽՄԿ նախագահն ասել է Известия-ին տված հարցազրույցում։

Պիտեր Մաուրերը շեշտել է, որ խնդիրներ են առաջացել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կարգավիճակի վերաբերյալ, քանի որ ադրբեջանական կողմը նրանց դիվերսանտ է համարում։ Մարդասիրական կազմակերպության ղեկավարը նշել է, որ այնուամենայնիվ նրանք զբաղվում են այդ հարցերով։

«Կարմիր խաչը ուղիղ հասանելիություն ունի ձերբակալվածների մոտ։ Ադրբեջանի կառավարոթյունը մեզ ծանուցել է, որ հայկական կողմի հետ անհամաձայնություններ են առաջացել ձերբակալվածների կարգավիճակի վերաբերյալ։ Այդ խնդիրը Բաքուն և Երևանը պետք է միմյանց մեջ կարգավորեն։ Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք ինչ-որ խորհուրդներ տալ, սակայն համապատսխան կառավարությունները պետք է ինքնուրույն որոշեն և վերջնական գնահատական տան նրանց կարգավիճակին: Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ, և հուսով եմ, որ ապագայում կհաջողվի լուծում գտնել Հայաստանում և Ադրբեջանում պահվող անձանց խնդիրների համար»,- ասել է Պիտեր Մաուրերը։

Հարցին, թե ինչ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները Ադրբեջանում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը նշել է, որ իրենք հրապարակային գնահատական չեն կարող հնչեցնել, սակայն փոխգործակցում են երկրների կառավարությունների հետ և համապատասխան դիտողություններ անում։

Պիտեր Մաուրերը հայտնել է նաև, որ Կարմիր խաչը ավելացրել է իր բյուջեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Նրա խոսքով՝ եթե նախկինում տարածաշրջանում իրենց բյուջեն կազմում էր 10-11 մլն դոլար, ապա հիմա այն մոտենում է 50 միլիոն դոլարին։