
Այսօր մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ վերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը, որին իշխանությունների հստակ ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ։
Հիշեցնենք, որ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը կապվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անձի հետ։
Այս թեմայով մենք դեռևս հրապարակում էինք արել Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակահատվածում։ Մեր հոդվածում նկատել էինք, որ գազի ամեն բաժանորդ Կարեն Կարապետյանի մերձավորներին պատկանող ընկերությանը տարեկան նվազագույնը վճարում է 2200 դրամ, իսկ առավելագույնը 6300 դրամ: Միջինը կստացվի 4250 դրամ: Ընկերությունն ունի ավելի քան 630 հազար բաժանորդ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները միջինում վճարում են ավելի քան 2,5 միլիարդ դրամ:
Տարիներ առաջ Hetq.am-ը հրապարակել էր մի հոդված, որով ներկայացվում էր Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված բիզնեսները: Մի շարք ընկերությունների հետ համատեղ գազի սպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ -ն ևս կապվում էր Կարեն Կարապետյանի անվան հետ, որովհետև ընկերության հիմնադիր և բաժնետեր եղել է Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները՝ 16 և 14 տոկոս բաժնեմասերով: Վերջիններս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Այս ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է: Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերության՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:
Այն, որ ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությունը կարևոր է բնակչության անվտանգության համար, դա փաստ է, սակայն, հետաքրքիր է, թե արդյոք նոր իշխանությունները ձեռնամուխ կլինեն Կարեն Կարապետյանից վերցնել մենաշնորհն ու այդ դաշտը նույնպես ազատականացնել։