Կառավարությունը՝ ի դեմս արտգործնախարարության,...

Տարբեր առաջարկներ, պահանջներ ներկայացվելու են նաև այսօր, որոնք կոնկրետ գործողություններ են ու Խորհրդի անունից  մենք պահանջելու ենք, որ այդ գործողությունները կատարվեն կառավարության կողմից, տվյալ դեպքում` ի դեմս արտգործնախարարության` հաշվի առնելով, որ դրանք արտաքին քաղաքական բնույթի գործողություններ են:

Այս մասին ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Իհարկե, ես այդքան վարդագույն ակնոցներով չեմ նայում իրականությանը, և մենք բոլորս, խորհուրդն էլ, բայց մեզ համար շատ կարևոր է, որ մենք անընդհատ մեր խնդիրներն ու մեր պահանջները կարողանանք ներկայացնել և այնքան կոնկրետ լինենք, գործնական լինենք, որ շատ ընդհանրական ձևակերպումներ չլինեն, և դրան զուգահեռ, նաև լինի հանրային ճնշում»,- ասաց նա:

Բեգլարյանը նշեց, որ եթե իրենք ճնշում չեն գործադրում, չեն բարձրաձայնում իրենց խնդիրների, իրավունքների պաշտպանության մասին, շատերը՝ թե՛ ներսում, թե՛ դրսում մեկնաբանում են, թե Արցախի էջը փակված է, և բոլորը մարսել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, հայրենազրկումը։

«Այս պարագայում կառավարությունը՝ ի դեմս արտգործնախարարության, համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի: Քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր և ՀՀ կառավարությունը համար մեկ սուբյեկտն է, որն այս ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունի»,- ասաց Բեգլարյանը։

Հարցին՝ սպասելիքներն ինչպիսի՞ են մի իշխանությունից, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, նա ասաց. « Եթե մենք նայենք զուտ իրենց գործողություններին, իհարկե, ոչ մի էական սպասելիք չկա, բայց բոլորս տեսնում ենք, որ հանրային ճնշումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ: Հիշում եք նաև, կարծեմ փետրվարի 28-ին գերիների վերաբերյալ արտգործնախարարության հայտարարությունը, որ մեկ ու կես տարի շարունակ նմանատիպ հայտարարություն չէր եղել, ինչու եղավ, որովհետև կար հանրային ճնշում: Եվ այդ հանրային ճնշմանը համապատասխան որոշակի գործողություններ տեղի են ունենում»:

Փոքրաթիվ ակցիան կարող ենք համարել ուղղակի սիմվոլիկ հանրային ճնշում, բայց եկեք քանակով չկողմնորոշվենք, որովհետև մենք բոլորս այստեղ կանգնած ենք ի շարունակություն մարտի 29-ի մեծ հանրահավաքի, այսինքն, այնտեղ այդ հանրահավաքին գտնվող բոլոր մարդիկ համակարծիք են նաև այս ակցիայում ներկայացված պահանջներին։