Կառավարությունը հաստատեց քաղավիացիայի տեսուչի...

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրեց, որը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով սահմանված չափորոշիչներին:

Մասնավորապես՝ սահմանվեցին քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների նոր ձևաչափերը, դրանց տրման պայմանները, ինչպես նաև լրամշակվել են օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ աշխատողների և այցելուների մուտքի համար հատկացող անցագրերի տեսակները և  ձևաչափերը, դրանց հատկացման պայմանները, սահմանվեցին օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ անցագիր ստանալու համար դիմած անձանց բժշկական ստուգման պայմանները, ինչպես նաև  քաղավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականի ստացման համար դիմած տեսուչների և օդաչուների  բժշկական ստուգման պայմանները, այդ թվում բժշկական հաստատությունների փորձաքննության արդյունքների ներկայացում այն մասին, որ օդանավակայանների վերահսկելի գոտիների անցագրի, քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականի ստացման հայտ ներկայացված անձինք հաշվառված կամ գրանցված չեն նարկոլոգիական դիսպանսերներում և չունեն հոգեկան խանգարումներ, չեն տառապում թմրամոլությամբ, չեն օգտագործում թմրանյութեր և քիմիական հոգեմետ նյութեր:

Նախագծի ընդունման դեպքում ավելի բարձր մակարդակի կհասցվեն օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ անցագիր տրման կարգը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների տրման աշխատանքները: