Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը, որի համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից մինչև 10 հազար դրամով և ավելի կբարձրանան 623 հազար 353 անձի կենսաթոշակներն ու նպաստները։
ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին որոշման նախագիծը ներկայացնելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մանրամասնեց, որ 39 հազար 594 քաղաքացիների համար էլ կենսաթոշակը կբարձրանա շուրջ 8500 դրամով։
Ըստ նրա՝ այս դեպքում խոսքը հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների մասին է, որոնց կենսաթոշակն արդեն իսկ միջինում կազմում է 95 հազար դրամ։
Նախատեսված է նաև 10 հազար դրամով բարձրացնել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նպաստները։
Նախարարը հիշեցրեց, որ մինչ այս 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի և ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների նպաստները համապատասխանաբար կազմում էին 39 հազար, 37,5 հազար և 36 հազար դրամ։
Թորոսյանը էական համարեց կենսաթոշակների ու նպաստների բարձրացումը։
«Սա չհաշված այն հետվճարը, որն արդեն բարձրացրել էինք հունվարի 1-ից, որը կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ։ Այս բարձրացումը բերելու է նաև այդ հետվճարի միջին թվի էական բարձրացմանը»,-համոզմունք հայտնեց Թորոսյանը՝ հավելելով, որ արդեն ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կփոխանցվեն փոփոխված չափերով։



