Կառավարությունը հարկային արտոնություններ տրամ...

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու մասով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը գործում է Վանաձորում՝ սկսած 2018 թվականից:

«Այս ծրագրի իրականացման համար կատարվում է 3 մլրդ դրամի նոր ներդրումներ՝ մասնաճյուղի նորոգման և սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներկայումս կազմակերպությունում աշխատում են 1100 աշխատակից, նախատեսվում է՝ ներդրումային բաղադրիչը ավարտելուց հետո աշխատակիցների թիվն ավելացնել 250-ով: Արտադրանքի ընդհանուր ծավալը ծրագրի իրականացման արդյունքում կկազմի 10 մլրդ դրամ: Այս հայտի շրջանակներում արտոնության ներկայացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 8 մլրդ 300 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 752 մլն 800 հազար դրամ, որից ՀՀ բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 9.2 մլն դրամ», - նշեց նախարարը։

Նա նաև ընդգծեց, որ 2018 թվականի ընթացքում կազմակերպության վճարած հարկերը կազմել են շուրջ 441 մլն դրամ:

Նշենք, որ կառավարության մեկ այլ որոշմամբ արտոնություն տրամադրվեց նաև «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը ներմուծված ապրանքներն օգտագործելու է սանտեխնիկայի արտադրության համար։ ԸՆկերությունը գործունեություն ծավալում է Արմավիրի մարզում՝ սկսած 2015 թվականից:

«Նախատեսվում է ծրագրի շրջանակներում արտադրել շուրջ 23,5  մլրդ դրամի արտադրանք: Ներկայում կազմակերպությունում աշխատում են 31 աշխատակից, ներդրումային բաղադրիչի իրականացման արդյունքում աշխատակիցները կավելանան 130-ով՝ 265 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտոնության համար ներկայացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 14 մլրդ 500 մլն դրամ, մաքսատուրքից ազատման գումարը՝ մոտ 1.1 մլրդ դրամ, որից պետբյուջեի նվազումը՝ 14 մլն դրամ: 2018 թվականին կազմակերպությունը պետբյուջե է վճարել 40 մլն 600 հազար դրամ հարկեր», - հայտնեց նախարարը։