
Կառավարության համար նոր պարտավորություն է սահմանվում՝ կառավարության պարտք-ՀՆԱ 60 տոկոս ցուցանիշը գերազանցելու համար պետք է ստանալ Ազգային ժողովի թույլտվությունը:
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունն ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որ հաշվետվություններն ու հիմնական ֆինանսական կառավարման ցուցանիշների հաշվառումն արտացոլված լինեն ճիշտ՝ համաձայն միջազգային ընդունված չափանիշների:
«Մասնավորապես 3 տարի առաջ սկզբնական վերլուծություն էր իրականացվել, և պարզվել էր, որ ՀՀ-ում Կենտրոնական բանկի արտաքին պարտքը և երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, իսկ համայնքային պարտքը որպես պետական պարտք ներկայացված չէ: Սա միջազգային ստանդարտներին հակասում է»,-ասաց փոխնախարարը»:
Հայաստանն ԱՄՀ-ի հետ ունի նախապայման՝ ավելի հասկանալի լինել միջազգային ներդրողների ու միջազգային պարտատոմսեր ձեռք բերող կազմակերպությունների համար:
«Կանոն է սահմանվում, որ, եթե պետական պարտքն ավելի է լինում, քան ՀՆԱ-ի 60 տոկոսը, ապա պայմանական պարտավորություն կամ երաշխիք ներգրավելու համար պետության վրա դրվում է մարատորիում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա արդեն բյուջետային համապատասխան օրենքում ներառված է լինում: Այսինքն՝ ամեն անգամ, երբ պարտքը 60 տոկոսից ավելի է լինում, մենք պետք է գանք ԱԺ-ից թույլտվություն խնդրենք, թե ինչու է այդպես արվել, ինչու ամբողջական մարատորիում դրված չէ: Հնարավոր են դեպքեր, երբ պարտքը 60 տոկոսից ավելի է, բայց, օրինակ, պայմանական պարտավորություն է անհրաժեշտ վերցնել կամ երաշխիք թողարկել, որի համար անհրաժեշտ է արդեն ԱԺ-ին ներգրավել և ֆիքսել, որ դա իսկապես երկրի համար կարևոր է»,-ասաց Ավանեսյանը:
Սահմանվում է, որ եթե Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, ապա տվյալ տարվա ընթացքում կառավարության կողմից արգելվում է ստանձնել պայմանագրային պայմանական որևէ նոր պարտավորություն և բյուջետային երաշխիքներից բխող որևէ նոր պարտավորություն, բացառությամբ, եթե այդ նոր պարտավորությունը ներառվում է Ազգային Ժողովի կողմից հաստատված պետական բյուջեի մասին օրենքում.
Եթե պետական պարտքի երաշխիքների և պայմանագրային պայմանական պարտավորությունների հանրագումարը ՀՆԱ-ի 70 տոկոսից ավելի է լինում, այս դեպքում ևս կառավարությունը պետք է ԱԺ գնա:
Անդրադառնալով հարցին, թե փոփոխությունից հետո պարտքն ի՞նչ պատկեր կունենա՝ փոխնախարարն ասաց. «Մոտ 2 տոկոսով մեր ՀՀ պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշն իջնելու է՝ հիմնականում Կենտրոնական բանկի պարտավորությունների հաշվին, դրա մեջ մոտ 0.2 տոկոսը երաշխիքներն են»:
Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այժմ մոտ 50 տոկոս է: