Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թաիլանդի զինված ագրեսիան, որը ներառում է մարտական ավիացիայի կիրառում՝ համատեղ սահմանի երկայնքով գտնվող մի քանի նահանգներին ավիահարվածներ հասցնելու համար։ ԱԳՆ-ն ընդգծել է, որ դա խախտում է Կամբոջայի ինքնիշխանությունը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Նման գործողությունները հանդիսանում են Կամբոջայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում, ՄԱԿ-ի կանոնադրության խախտում և արհամարհանք ինչպես ԱՍԵԱՆ-ի կանոնադրության, այնպես էլ ԱՍԵԱՆ-ի համայնքի ոգու նկատմամբ», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է Khmer Times թերթը: Կամբոջայի ԱԳՆ-ն նշել է, որ Թաիլանդի կողմից F-16 կործանիչների կիրառումը Կամբոջայի տարածքում ուժի «ակնհայտորեն անհամաչափ և անհիմն» գործադրում է:
Գերատեսչության տվյալներով՝ Թաիլանդի բանակի իրականացրած ավիահարվածները Կամբոջայի տարածքի խորքում՝ մոտ 80-90 կմ հեռավորության վրա, հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան, ավելի քան 400 հազար մարդու տեղահանման և լայնամասշտաբ ավերածությունների։ Այս հարձակումները վնասել և ոչնչացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ, այդ թվում՝ հնագույն տաճարներ և մշակութային ու կրոնական նշանակության այլ օբյեկտներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներառյալ՝ բնակելի տներ, դպրոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ, խաղատներ, վարչական շենքեր և կամուրջներ։ «Նման գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի և քաղաքացիական անձանց ու մշակութային արժեքների պաշտպանության միջազգային պարտավորությունների լուրջ խախտումներ են», - նշել են ԱԳՆ-ում։
Նախարարությունը կոչ է արել Թաիլանդի զինված ուժերին «անհապաղ դադարեցնել բոլոր ռմբակոծությունները և ցանկացած ռազմական գործողություն, որոնք վտանգի տակ են դնում քաղաքացիական անձանց», հարգել միջազգային իրավունքը և առաջնահերթություն տալ խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների անվտանգության ապահովմանը։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին հրաձգային զենքի կիրառմամբ բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին։ Կամբոջայի պաշտպանության նախարարության վարկածով՝ այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ Թաիլանդի զինված ուժերը սահմանամերձ շրջաններում տարբեր սադրիչ գործողություններ են իրականցրել՝ առճակատման նոր փուլ հրահրելու նպատակով և նրանք սկսել են գրոհել կամբոջական դիրքերը։
Թաիլանդի թագավորական բանակը հայտարարել է, որ կամբոջական ուժերն առաջինն են սկսել հրետակոծել սահմանային գոտում գտնվող թաիլանդական դիրքերը, իսկ թաիլանդցի զինվորականներն ի պատասխան գրոհել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել առանցքային շրջանների նկատմամբ և վնաս հասցնել հակառակորդին:



