
Իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են իրականացրել Լիբանանի արևելյան Բեկաայի մարզի լեռնային շրջաններին։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Նաև տեղեկություններ են հաղորդվում իսրայելական ինքնաթիռների կողմից Լիբանանի Հերմել բնակավայրի շրջակա տարածքների թիրախավորման վերաբերյալ:
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության՝ նշված երկու շրջաններում գտնվել է «Հեզբոլլահ»-ին պատկանող ռազմական ճամբար և հրթիռների արտադրության կայան։
ԻՊԲ-ի պնդմամբ՝ «Հեզբոլլահ»-ը «ճամբարն օգտագործում է իր անդամներին մարզելու և Իսրայելի դեմ դավադրությունները վերահսկելու համար»։
«Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի Բեկաայի շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ճշգրիտ հրթիռների արտադրության կայանի ռազմական ենթակառուցվածքներին և Լիբանանի հյուսիսում՝ Շարբինե շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ռազմական բազայի ահաբեկչական ենթակառուցվածքներին: ԻՊԲ-ն կշարունակի գործել՝ Իսրայելի պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։