Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց մեղադրել են հրադա...

Հոկտեմբերի 13-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների ու պահվող անձանց փոխանակման ֆոնին հակամարտության կողմերը մեղադրել են իրար հրադադարը խախտելու համար:

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ անհայտ անձինք հատել են համաձայնեցված «դեղին գիծը» և մոտեցել Գազայի հյուսիսում գտնվող իսրայելական ուժերին, որոնք ստիպված են եղել կրակ բացել: ՀԱՄԱՍ-ն էլ պնդում է, որ ՑԱՀԱԼ-ը մի քանի պաղեստինցու է սպանել: Շարժումը կոչ է արել միջազգային դերակատարներին` ուժեղացնել իսրայելական ուժերի նկատմամբ մշտադիտարկումը:

Ավելի վաղ Կատարի վարչապետի խորհրդականը հայտարարել էր, որ կարգավորման ամերիկյան ծրագրի վերջնական իրականացման համար հարկավոր է համատեղ ջանքեր գործադրել: «Դեռ շատ մարտահրավերներ կլինեն»,- ընդգծել է պաշտոնյան, տեղեկացրել, որ Եգիպտոսում շարունակվում են խաղաղության բանակցությունները:

Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան կարող էր հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, սակայն հաջողվել է դրանից խուսափել: ԱՄՆ նախագահը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին համախմբվել և հասնել համընդհանուր տարածաշրջանային խաղաղության: