Իսրայելն արգելել է մարդասիրական օգնության մու...

Իսրայելը հայտարարել է, որ դադարեցնում է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ նախազգուշացնելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը «հետագա հետևանքների» մասին, եթե վերջինս չընդունի Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու առաջարկը։ Նեթանյահուի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։ 

Իսրայելի վարչապետը հայտնել է, որ իրենք կատարել են հրադադարի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները և մարտի 2-ից որոշել են կասեցնել Գազայի հատված ապրանքների և մատակարարումների մուտքը։

Ըստ Նեթանյահուի՝ ՀԱՄԱՍ-ը խախտում է հրադադարի համաձայնագրի առաջին փուլի պայմանավորվածությունները, և չի ազատում իսրայելցի պատանդներին։

«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հետևել այս դիրքորոշմանը և ազատ չարձակի մեր պատանդներին, ապա լրացուցիչ հետևանքներ կլինեն, որոնք ես այստեղ չեմ մանրամասնի», - կառավարության նիստից առաջ հայտարարել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ այս քայլը նպատակ ունի ստիպել ՀԱՄԱՍ-ին ընդունել Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի նոր առաջարկը հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի առաջին փուլի երկարաձգման վերաբերյալ։

Նեթանյահուն նաև նշել է, որ, ըստ իսրայելական հետախուզության տվյալների, ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդ պահել 59 իսրայելցիների, որոնցից առնվազն 35-ը ողջ չէ։

Ըստ Asharq Al-Awsat պարբերականի՝ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Նեթանյահուի որոշումը Գազայում հումանիտար օգնության մուտքը դադարեցնելու վերաբերյալ «էժանագին շանտաժ է, պատերազմական հանցագործություն և բացահայտ հեղաշրջում» հրադադարի համաձայնագրի դեմ։

ՀԱՄԱՍ-ը նաև միջնորդներին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու պատժիչ միջոցառումները Գազայի հատվածում՝ ավելացնելով, որ Նեթանյահուն «ապակողմնորոշիչ մեղադրանքներ է ներկայացնում ՀԱՄԱՍ-ի դեմ, որոնք անհիմն են և համաձայնագրի՝ իր կողմից ամենօրյա և համակարգված խախտումները քողարկելու անհաջող փորձ»:

Արաբական մի շարք երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Կատարը, Սաուդյան Արաբիան,  Հորդանանը հանդես են եկել Իսրայելի որոշման դեմ՝ նշելով, որ դա համաձայնագրի կոպիտ խախտում է։

2025 թ․ հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի  առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել 33 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալի և հետ է քաշվել Գազայի հատվածի որոշ վայրերից: Բանակցությունների երկրորդ փուլով նախատեսվում է պատերազմի ամբողջական ավարտ, Գազայում մնացած բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերում: Համաձայնագրի գործողության վեց շաբաթվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է համաձայնագիրը խախտելու մեջ։ Պատերազմի ընթացքում  պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը, տեղահանվել է Գազայի գրեթե ողջ բնակչությունը և տարածքի մեծ մասը վերածվել է փլատակների։

Իսրայելը պաղեստինյան անկլավում ռազմական գործողություններ էր սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով սպանվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։