Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը ԱՄԷ-ում բացել է հրեական պետության առաջին դեսպանությունը, հայտնել է AFP-ն:
«Աբու Դաբիում Իսրայելի դեսպանության բացումը Էմիրությունների մշակույթի եւ գիտելիքի զարգացման նախարարի մասնակցությամբ», - գրել է նա Թվիթերում՝ տեղադրելով իր լուսանկարը Արաբական Միացյալ Էմիրությունների նախարար Նուրա ալ-Քաաբիի հետ:
Իսրայելցի նախարարները նախկինում այցելել են ԱՄԷ, սակայն նորանշանակ Լապիդը ամենաբարձրաստիճան ուղեւորություն կատարած իսրայելցին է, եւ առաջինն է, ով գալիս է պաշտոնական առաքելությոամբ:
«Իսրայելը ցանկանում է խաղաղություն հաստատել իր հարեւանների հետ: Իր բոլոր հարեւանների հետ: Մենք ոչ մի տեղ չենք գնալու: Մերձավոր Արեւելքը մեր տունն է: Մենք այստեղ ենք, որպեսզի մնանք: Տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ ենք անում դա ընդունել եւ երկխոսություն սկսել», - բացման արարողության ժամանակ ասել է Լապիդը:
Այն բանից հետո, երբ անցյալ օգոստոսին հայտարարվեց ԱՄՆ միջնորդությամբ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մասին, Իսրայելը եւ ԱՄԷ-ն բազմաթիվ գործարքներ են կնքել` զբոսաշրջությունից մինչեւ ավիացիա եւ ֆինանսական ծառայություններ: