Իսրայելական ուժերը Լիբանանի Նաբատիե նահանգի Ադաիսսա գյուղում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող մի տուն։ Բացի այդ իսրայելական ուժերն ավիահարվածներով թիրախավորել են նահանգի Ազզա և Ռումին Արկի գյուղերի միջև ընկած տարածքները, Ջբաա գյուղի ծայրամասային հատվածները և Ջաբալ Սաֆի բարձունքները։
Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։
Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել նաև Լիբանանի հարավային Իկլիմ ալ-Թուֆֆահ և Սաֆի շրջանները։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մի քանի շրջաններում «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող ենթակառուցվածքներին։
Հաղորդագրության համաձայն՝ բանակը հարվածել է «Հեզբոլլահի» վարժանքների և դասընթացների անցկացման վայրին, ինչպես նաև նրան պատկանող ռազմական կառույցներին և մեկնարկային կայանին։
«Թիրախները, որոնց հարվածներ են հասցվել, ինչպես նաև Իսրայելի Պետության դեմ հարձակումների նախապատրաստման համար ռազմական վարժանքներն Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում և սպառնալիք են Իսրայելի Պետության համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել ևս 598 Լիբանանի քաղաքացի։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։



