Իսկապես զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլ...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարկառուն» քպականները բավականին ծանր են տանում այն դաժան իրողությունը, որ իրենք այլևս տարիներ առաջվա ընկալումը չունեն: Այսինքն, ոչ թե իրենք, այլ Նիկոլ Փաշինյանը, որովհետև իրենց գերակշիռ մեծամասնությունը ոչ միայն ընկալում, այլև ճանաչում էլ չեն ունեցել ու պարզապես խառը «նիկոլներ» են: Ու նրանք իսկապես չեն կարողանում առերեսվել ակնհայտի հետ. Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը ոչ միայն այլևս պոպուլ յար չեն, այլև վաստակել են հանրության ճնշող մեծամասնության բացասական վերաբերմունքը։

Ի՞նչ անել: Ասելիք չկա, արդարանալու տեղ չկա: Մնում է էժանագին մանրախնդրությունը: Ու «կարկառուն» քպականները մանիպուլ յատիվ դրսևորումներով «փայլատակում են», մեկը թե՝ «կարելի՞ է այս աստիճան չսիրել հայրենիքը (պետությունը)»: Մեկ ուրիշը կրկնում է, թե՝ «մեդիատեռոր են անում մեր դեմ»: Ընդ որում, իբր սարկաստիկ, իբր հումորային, իսկ իրականում էժանագին գրառումներով:

Հայտնի խոսք կա՝ գողն ամենից բարձր է գոռում՝ բռնեցեք գողին: Հիմա այս իշխանության ներկայացուցիչներինն է, բայց լրիվ մսուրմանկապարտեզային մակարդակի, որոնք ծիծաղելի են ոչ թե իրենց «հումորային» բովանդակությամբ, այլ հենց որպես դրսևորում, որպես երևույթ:

Ինչ «մեդիատեռորի» մասին է խոսքը: Բանից պարզվում է, քպականները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել այն իրողությունը, որ համայն հայությունը վայրկենապես ուշագնաց չի եղել Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ փոխնախագահի հետ «հաջողացրած» նկարից: Կամ՝ ովքե՞ր են հայրենիքը, պետությունը չսիրելուց խոսում:
Ուրեմն, Արցախն ուրացողները, Հայաստանը արտաքին սպառնալիքների ու ներքին ցնցումների մեջ նետածները հիշել են «հայրենիք» ու «պետություն» բառերը: Իսկապես զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:

Ինչ վերաբերում է «մեդիատեռորին», ապա փաշինյանականները չէ, որ դրա մասին խոսելու տեղ ունեն: Մարդիկ, մարդկանց համախումբ, որ տարիներ շարունակ ոչ միայն մեդիատեռորի, այլև ամենաիսկական ոստիկանական տեռորի, հիմա արդեն նաև՝ հարկային տեռորի է ենթարկում Հայաստանում մնացած բնակչությանը, տեսեք, տեսեք, նվնվոց է դրել, թե իրենց նկատմամբ «մեդիատեռոր» է իրականացվում:

Հա, երևի իրենք իրենց էլ համարում են ոչ ավել, ոչ պակաս՝ «պետություն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում