Իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ այն...

Հայաստանի ներկայիս իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում է այնպես, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այսպես կոչված, բռնի տեղահանվածների խնդիրների դեմ։ Այս մասին մայիսի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2024թ. գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։ «Հիշու՞մ եք, թե ինչպես էին այս Ալիեւները հառաչում՝ ասելով. «Մենք ունենք մեկ միլիոն տեղահանված, նրանք բոլորը սոված են եւ տառապում են ծարավից, ապրում են վրաններում եւ նավթ են շնչում»: Սակայն դրա նպատակը այսպես կոչված ներքին տեղահանվածների խնդիրները լուծելը չէր։ Նրան պետք էր ինչ-որ բան «փաթաթել մատին»։ Նրան պետք էր դրոշակ, որը կարելի էր ծածանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կամ մարդու իրավունքների պահպանման համար պատասխանատու տարբեր կառույցների ու կազմակերպությունների առջեւ»,- ասել է Խաչատրյանը։ Պատգամավորի խոսքով՝ այս ամենը բլեֆ էր Բաքվի ռեժիմի կողմից։ Ավելին, դա կարելի է հաստատել «հայերից ազատագրված Լեռնային Ղարաբաղ վերադարձածների» քանակով։ Ինչպես նշել է ընդդիմադիրը, այս «վերադարձողների» թիվը չի գերազանցել 10 հազարը։