Օրերս մենք գրել էինք, որ Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն կլինի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այդ մասին կուսակցությունը հայտարարել է տարածած հայտարարության մեջ։
Վանաձորի դեպքում էլ ընտրությունները քննություն են լինելու գործող մարզպետի համար, եթե նա հաջողացնի հաղթել, ապա կդառնա քաղաքապետ և որպես թիմին հաղթանակ բերած անձ Փաշինյանի սիրելիների ցուցակում կհայտնվի։
Հետաքրքիր է, որ այս ընթացքում Լոռու մարզպետի աթոռին բազմել է նախապատրաստվում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։ Մեր տեղեկոuթյուններով իշխանական թիմում արդեն որոշում կա, որ Արամ Խաչատրյանի քաղաքապետ դառնալու դեպքում Արփի Դավոյանը կնշանակվի մարզպետի պաշտոնում։
Մեր այս հրապարակմանn արձագանքեց պատգամավոր Արփի Դավոյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երկու օր է՝ որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրեւ շուտով ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա եւ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։
Բայց հետաքրքիր է, որ Դավոյանի այս հերքման ֆոնին Շիրակի մարզպետ է դառնում Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ քննարկվում էր Բաղդասարյանի մարզպետ դառնալու հարցը, իսկ ՔՊ-ական պատգամավորը հերքում էր։ Իր մարզպետ դառնալու մասին լուրերը նա անգամ չէր հաստատում այն ժամանակ, երբ վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Իսկ հիմա ի հեճուկս նախկին հերքումների Նազելի Բաղդասարյանը նշանակվեց մարզպետ։
Արփի Դավոյանի հերքման տրամաբանությունը հասկանալի է՝ իրենք լավ են գիտակցում, որ Դավոյանը մարզում բացասական վարկանիշ ունի և ընտրություններից առաջ դրա մասին խոսելը հարվածելու է իշխանական թեկնածու Արամ Խաչատրյանին։ Բայց այն որ հենց Դավոյանն է դանալու մարզպետ անգամ քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներն են ցույց տալիս։ Նախաքարոզարշավային հանդիպումներին Լոռու մարզում մասնակցում են ՔՊԿ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արփի Դավոյանը, Լոռու մարզպետ, Վանաձորի համայնքապետի ՔՊԿ թեկնածու Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը։ Լոռու մարզից մի քանի պատգամավորներ ունի ՔՊ-ն և միայն Արփի Դավոյանի մասնակցությունն արդեն խոսուն փաստ է։