Հայաստանի նոր իշխանությունների համար անհանգստության պատճառ են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հասարակական որևէ աջակցություն ունեն։ Վերջին շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանություններին առաջին հերթին անհանգստացնում է ԲՀԿ վարկանիշն ու ազդեցության մեծացումը։
Վերջերս GALLUP international association-ի կողմից իրականացված հարցման արդյունքում պարզ էր դարձել, որ ընտրություններից մեկ տարի անց իշխանության վարկանիշը նվազել է, իսկ ահա ԲՀԿ վարկանիշը ավելացել։ Նույն հարցման արդյուքնում պարզ էր դարձել, որ հանրության համար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ավելի ճանաչելի է, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցման այս արդյուքնները ստիպեցին իշխանություններին արագացնել իրենց քայլերը և թիրախավորվեցին Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հետ կախված ամեն բան։ Այս գործընթացի արդյուքնում էր, որ հայտնի դարձավ, որ Հովտաշեն գյուղում «գյուղացիները դժգոհություն» ունեն Ծառուկյանից, հետո պարզվեց, որ Լեզվի կոմիտեն վարույթ է սկսել Աբովյանի քաղաքապետարանի դեմ մի գրության համար, որը առկա է գրեթե բոլոր քաղաքներում։ Հետո «խնդիրներ» ի հայտ եկան Օլիմպավանի հետ կապված։
Այս ամենը միայն տարեվերջին, իսկ գալիք տարի, ըստ մեր տեղեկությունների նոր գործընթացներ են սկսվելու։ Իշխանությունները նախապատրաստում են որոշակի հակածառուկյանական գործողություններ նաև Օլիմպիական կոմիտեյում։
Եթե հակիրճ, ապա իշխանությունները փորձելու են անել ամեն բան, որպեսզի կասեցնեն ԲՀԿ հեղինակության և վստահության աճը։ Եվ այս նպատակին հասնելու ճանապարհին իշխանությունները չեն խնայելու և ոչ մի միջոց։



