Իշխանությունների «փամփերսը»․ Արթուր Դավթյանի...

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում հասցրել է պատռել բոլոր պետական մարմինների դիմակները։ Այս տարիների ընթացքում հանկարծ պարզվեց, որ որևէ պետական ինստիտուտ չկա, որ կարող է մեջքն ուղղած կանգնել և պահպանել օրինականությունը։

Ամենաանհարմար իրավիճակում հայտնվել են իրավապահ կառույցները։ Իրավապահները դարձել են պալատական ծաղրածուներ, ովքեր պատրաստ են ամենաանսպասելի հիմարությունն անգամ անել, միայն թե թագավորը գոհ լինի ու քահ-քահ ծիծաղի։

Հատկապես պատերազմից հետո ակնառու դարձավ, որ իրավապահ համակարգ չունենք։ Ամենատարբեր աղաղակող փաստերը, որոնք առնչվում են իշխանությունների հանցավոր գործողություններին կամ անգործությանը, իրավապահների և հատկապես դատախազության կողմից չնկատվելու են տալիս։ Պատերազմի խայտառակ արդյունքների համար դեռևս որևէ պետական պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ Եղել են միայն մի քանի մանր ձերբակալություններ, որոնց նպատակը հասարակության  աչքերին թոզ փչելն է եղել։ Դատախազությունը շարունակում է չնկատել իշխանությունների կողմից հնչող բռնության կոչերը, լրագրողների նկատմամբ իրավախախտումները, ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարձակումները։

Իշխանությունների քայլերի նկատմամբ տոտալ անտարբերություն ցուցաբերող դատախազությունը խիստ զգայուն է ընդդիմադիր ուժերի և գործիչների ամենաչնչին զանցանքի նկատմամբ։ Հորինված քրեական գործերով ազատազրկվել են մի քանի ընդդիմադիր գործիչներ, քրեական գործեր են հարուցվել այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որտեղ իշխանությունները պարտվել են այս ընտրություններում, ընդդիմադիրների ամենաանմեղ հայտարարությունները միանգամից դատախազության ուշադրության կենտրնւոմ են հայտնվում և դառնում քրեական գործերի հիմքեր հենց ընդդիմադիրների դեմ։

Ըստ էության, Արթուր  Դավթյանի ղեկավարած կառույցը այս պահին իշխանությունների համար «փամփերսի» դեր է կատարում և իր մեջ է կլանում ամբողջ կեղտը։ Դատախազությունը հատկապես պատերազմից հետո ստանձնել է քաղաքական դերակատարում և մաս է կազմում գործող իշխանությունների ոչ օրինական գործողությունների պլանի։ Ու երբ գա պատասխանատվության ժամը, առաջինը հենց Արթուր Դավթյանն ու իր կառույցի ղեկավար կազմն են կանգնելու արդարադատության առաջ և ստիպված են լինելու պատասխանել ցավոտ հարցերի։ Միայն թե հուսանք, թե այդ ժամանակ շատ չի ուշանա, ու հանրությունը տահաճորեն ականատեսը կլինի «փամփերսի» պարունակությանը։