Իշխանությունների կողմից այդ քայլն Ադրբեջանին...

Իշխանությունների կողմից այդ քայլն ադրբեջանական կողմին ծառայելու հերթական դրսևորումն էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով արցախցի Ղարիբ Բաբայանի կալանավորման որոշմանը:

«Լսում եք այնտեղից եկող հայտարարությունները, թե «ֆաշիստական» պետություն է, այս է, այն է, եթե երկրի իշխանությունները դրա դեմը չառնեն, մենք կառնենք, այդ հայտարարություններին համահունչ է ամբողջությամբ այն, ինչ որ տեղի ունեցավ այս գործի հետ կապված։

Այսինքն, ուզում են ասել՝ կարող է կան որոշ «ֆաշիստներ», բայց դա մենք չենք, իշխանությունը դրա հետ կապ չունի, այսպես ուզում են արդարանալ և հերթական անգամ ցույց տալ, որ իրենք ծառայամիտ այդ տրամաբանությամբ են այս երկիրը ղեկավարում, ամբողջությամբ կատարում են Ադրբեջանից եկած հրահանգները։ Սա է դրա ակնհայտ դրսևորումը»,- շեշտեց պատգամավորը:

Ռուսատամյանի խոսքով՝ կալանավորելու համար բնականաբար որևէ հիմք գոյություն չուներ, ընդհանրապես այդտեղ քրեական գործ չկա, դա ակնհայտ է, որ իրավաբանությունից ամենատարրական գիտելիքներ ունեցողը կփաստի, որ դա ամբողջությամբ շինծու գործ է:

«Ակնհայտ է, քանի որ դա շինծու գործ է և քրեական օրենսգրքի հետ ընդհանրապես կապ չունի, ուրեմն նշանակում է քաղաքական ենթատեքստ ունի, որի մասին ես ասացի, սա է»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ իշխանությունը չէր սպասում, որ նման կերպ ինքնաբուխ հասարակական աղմուկ կբարձրանա:

«Դա շատ կարևոր է, ի վերջո փաստվեց, որ այս ժողովրդի մեջ այդ ինքնության գիտակցումը, տեսակի պահպանման հարցը, հայ տեսակի պահպանման հարցը կա, որ ասում են՝ մեռել է, այդպես չէ»,- ասաց նա:

Նշենք, որ Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, որում, ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի, մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը և ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Բաբայանի դեմ՝ իշխանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար, հարուցվել էր քրեական վարույթ, այնուհետև Բաբայանը ձերբակալվել էր: