Իշխանական նոր շոու, որի թիրախում Հովիկ Աբրահա...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կրկին դժվար ժամանակներ է ապրում և, ինչպես սպասելի էր, այս անգամ էլ նրան օգնության են գալիս «նախկիններ» թեզի վրա կառուցված շոուները։ Այս անգամ թիրախը կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Շաբաթներ առաջ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայտարարեց, թե հայց է ներկայացրել՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից 59 գույք բռնագանձելու պահանջով։ Այս հայտարարությունից անմիջապես հետո իշխանական մեդիան անցավ գործի, և կրկին մեծ շոու բեմադրվեց։ Հետաքրքիր է, որ շոուի բեմադրիչները «պատահաբար» մոռացել էին նշել, որ 59 գույքն իրականում մեծամասամբ գյուղատնտեսական նշանակության հողեր են, կամ մեկ գույքի գնումը, վաճառքը և դրանից գոյացած միջոցներով նոր գույքի գնումը ներկայացված է որպես երեք առանձին գույք։ Հովիկ Աբրահամյանի գույքի մասով այս շոուն շատ նման էր 2018-ին Մարտի 1-ի գործի շրջանակում նկարահանված քարոզչական փուչիկի, ըստ որի՝ Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկին պատկանող տարածքում գտնված զենքերը կապվում էին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Այս թեման էլ քարոզչամեքենան ակտիվ տարածեց, հարյուր հազարավոր քաղաքացիներ ընկան մոլորության մեջ, իսկ ամիսներ անց պարզվեց, որ գտնված զենքերը ոչ մի կապ չունեն Մարտի 1-ի իրադարձությունների և, ընդհանրապես, որևէ հանցագործության հետ։ Իշխանական մեդիան, իհարկե, իր կեղծ պնդումների հերքման մասին նույն ջանասիրությամբ չխոսեց, և սա բնական էր։ Հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանի անվան շուրջ բեմադրվող այս շոուն իրավապահ համակարգում տարօրինակ հարցեր է առաջացնում։ Ոմանք զարմանքով նկատում են, որ Փաշինյանի իշխանությունը հատկապես անողոք է այն գործիչների նկատմամբ, ովքեր ժամանակին խնդիրներ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Ինչևէ, կարծես հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որոնց մենք անպայման հետևելու ենք և արձագանքելու։